ՀՈԳԵՎՈՐ ԺՈՂՈՎՆԵՐ (#4566)

Ամեն անգամ, երբ մտնում եք խորհրդակցությունների դահլիճ, այս աղոթքը կարդացեք այնպիսի սրտով, որը թրթռում է Աստծու հանդեպ սիրուց ու շուրթերով` մաքրված ամեն ինչից, բացի Նրա մասին հիշատակումից, որպեսզի Ամենապահը ողորմածաբար օգնի ձեզ հասնել բարձրագույն հաղթանակի:

Ո՜վ Աստված, իմ Աստված: Մենք Քո ծառաներն ենք, որ հավատարմությամբ դիմեցինք Քո Սուրբ Դեմքին` այս փառավոր Օրում հրաժարվելով ամեն ինչից, բացի Քեզանից: Այս Հոգևոր Ժողովում մենք հանդիպեցինք միահամուռ հայացքներով ու մտքերով միայն մի նպատակով` Քո Խոսքը բարձրացնել մարդկանց մեջ: Ո՜վ մեր Տեր Աստված: Քո Աբհա Արքայությունում Քո Աստվածային Միասնության ու բոլոր կողմերի վրա շողացող լուսաշող աստղերով դարձրու մեզ Քո Աստվածային Առաջնորդության նշաններ, մարդկանց միջև Քո վեհ Հավատի Դրոշակներ, Քո հզոր Կտակի ծառաներ, Ո՜վ մեր Բարձրագույն Տեր: Տե՛ր: Օգնիր մեզ դառնալ ծովեր, որ բարձրացնում են Քո հրաշալի Վերին Օգնության ալիքներն, առվակներ, որ ծորում են Քո ամենափառապանծ Բարձրունքներից, հիասքանչ պտուղներ` Քո երկնային Գործի Ծառի վրա, վազեր, որ ծածանվում են Քո սրբազան Խաղողի այգում Քո Առատաձեռնության շնչից: Ո՜վ Աստված: Սնիր մեր հոգիները Քո Աստվածային Միասնության Խոսքերով և մեր սրտերն ուրախացրու Քո Ողորմածության զեղումներով, որպեսզի մենք միանանք մի ծովի ալիքների նման ու միահյուսվենք Քո շլացուցիչ ջահի շողերի նման, որպեսզի մեր մտքերը, մեր հայացքները, մեր զգացմունքները դառնան միասնական էություն` հայտնելով համերաշխության ոգին ամբողջ աշխարհում: Դու Բարի ես, Առատաձեռն, Ընծայող, Ամենազոր, Ողորմած, Կարեկից:

-`Abdu'l-Bahá
-----------------------

ՀՈԳԵՎՈՐ ԺՈՂՈՎՆԵՐ (#4567)

*Աղոթքը արտասանվում է Հոգևոր Ժողովի ավարտից հետո


Ո՜վ Աստված: Ո՜վ Աստված: Քո միակ էության աներևույթ արքայությունից տես, թե ինչպես ենք մենք հավաքվել այս հոգևոր հանդիպմանը` հավատալով Քեզ ու ապավինելով Քո նախանշանակներին, լինելով ամուր Քո Պատգամում և Քո Կտակում, Քեզ նվիրված, Քո սիրո կրակով բոցավառված և Քո Գործին նվիրված: Մենք Քո խաղողի այգու ծառաներն ենք, Քո կրոնի ավետաբերներն` ինքնամոռաց կերպով Քեզ պաշտող, Քո սիրեցյալների առջև խոնարհվող, հնազանդ Քո դարպասների մոտ և Քեզ աղերսող, որ հաստատես մեզ Քո ընտրյալներին ծառայելուն, աջակցես մեզ Քո աներևույթ զորքերով, գոտեպնդես` Քեզ ծառայելու համար և դարձնես մեզ Քո հնազանդ ու հիացած հպատակներ, որ շփվում են Քո հետ:
	Ո՜վ մեր Տեր: Մենք թույլ ենք, իսկ Դու Զորավոր և Ուժեղ: Մենք անկենդան ենք, իսկ Դու` մեծ կենարար Ոգի: Մենք կարիքի մեջ ենք, իսկ Դու` Տվող, Ուժեղ:
	Ո՜վ մեր Տեր: Շրջիր մեր դեմքերը դեպի Քո գթասիրտ դեմքը, հագեցրու մեզ Քո լիառատ վերին օգնությամբ Քո երկնային սեղանից, օգնիր մեզ Քո ամենաբարձրյալ հրեշտակների զորքերով և հաստատիր մեզ Աբհա Արքայության սրբերի միջոցով:
	Դու, հիրավի, Առատաձեռն ես, Ողորմած: Դու մեծ պարգևների Տիրակալ ես և Դու, հիրավի, Ամենասիրող ու Բարի ես:

-`Abdu'l-Bahá
-----------------------

